ԱՄՆ Հանրապետական կուսակցության ծրագիրը Ռուսաստանին դասում է երկրի հակառակորդների շարքին և նրան հիշատակում ավանդական մրցակիցների շարքում: Այս մասին հաղորդում է Взгляд-ը:
Երեքշաբթի ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարում հաստատված կուսակցական ծրագրում կոչ է արվում Ռուսաստանի իշխանություններին՝ վերանայելու ընդդիմադիր կուսակցությունների, մամուլի և հասարակության քաղաքացիական ինստիտուտների ճնշման քաղաքականությունը, կապը Մերձավոր Արևելքի բռնակալների հետ, հարևանների ստորացումը և Բելառուսում ստալինյան ռեժիմին աջակցումը: «Ռուս ժողովուրդը դրան արժանի չէ, և մենք հույս ունենք, որ ռուս ժողովուրդը լիարժեք մասնակցություն կունենա ժամանակակից ժողովրդավարությունում»,- ասված է կուսակցական ծրագրի տեքստում:
«Գործող վարչակազմը պատասխանատու է երկրի թուլացման համար, որը պայքարում է մի շարք սպառնալիքների դեմ՝ ԿԺԴՀ-ի և Իրանի կողմից միջուկային զենք ստանալու շարունակական փորձերի պայամններում»:
ԱՄՆ նախագահը հայտարարել է ընտրություններից հետո Ռուսաստանի հանդեպ ավելի ճկուն լինելու մտադրության մասին, իսկ հանրապետական թեկնածուն` հակառակը: Հանրապետականները հայտարարել են, որ Ռուսաստանն արժանի է ԱՄՆ-ի հետ նորմալացնելու առևտրային հարաբերությունները, սակայն դա չպետք է տեղի ունենա առանց վիզային պատժամիջոցների սահմանման` ուղղված այն ռուս պաշտոնյաների դեմ, որոնք մարդու իրավունքներ են խախտել:
Կուսակցությունը նշում է, որ, դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ընդհանուր հետաքրքրություններ ունեն` ահաբեկչության դեմ պայքար, միջուկային զենքի տարածման կասեցում ու առևտրի զարգացում:








































