Վատիկանի քննիչները կարող են մոտ երկու տասնյակ մարդու ենթարկել հետաքննության պապական գաղտնի փաստաթղթերի տեղեկատվության արտահոսքի կապակցությամբ: Այս մասին հայտնել է ANSA իտալական գործակալությունը` վկայակոչելով «Վատիկանում լավ տեղեկացված աղբյուրներին»:
Գործակալության տեղեկատվության համաձայն` Հռոմի Պապի նախկին անձնական սպասավոր Պաոլո Գաբրիելեի և Վատիկանի պետական քարտուղարության ծրագրավորող Կլաուդիա Շառպելետիի դեմ մեղադրանք ներկայացնելուց հետո, քննիչները հետաքննության նոր փուլ են նախապատրաստում, որում ներգրավված է լինելու առնվազն 20 մարդ:
Վատիկանը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել ANSA-ի հայտարարությունը:
Պաոլո Գաբրիելեն պնդում է, որ Հռոմի պապի բնակարանից փաստաթղթեր գողանալու ժամանակ գործել է միայնակ, սակայն դիտորդները կասկածներ ունեն, որ գողությանը մասնակցել են նաև այլ մարդիկ, ովքեր անմիջական կապ են ունեցել Վատիկանի հետ:








































