Բրիտանական ոստիկանության 24-ժամյա գործողությունը հարավ-արևելյան Էսեքս կոմսությունում առյուծի որոնման գործով, որին, իբր, տեսել էր այնտեղ հանգստացող ամուսնական մի զույգ, արդյունք չի տվել:
Ինտերնետ-ԶԼՄ-ների հաղորդմամբ` գրեթե 40 օրինապահներ, այդ թվում` հատուկ նշանակության ջոկատ, փորձագետներ Քոլչեսթերի կենդանաբանական այգուց, այդպես էլ խորհրդավոր կենդանու գոյության որևէ հետք չեն կարողացել գտնել:
Ոստիկանների կարծիքով` խոսքը «վայրի կատվի կամ շատ մեծ տնային կատվի մասին է»:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնում էին, որ բրիտանական ոստիկանությունն Էսեքս կոմսությունում փնտրում է մի առյուծի, որին, իբր, դաշտում տեսել են տեղի բնակիչները:
Քոլչեսթեր քաղաքի գազանանոցի աշխատակիցները, որոնց դիմել են ոստիկանները, առյուծի մասին լուրը բավական ճշմարտանման են համարել, առավել ևս` որ բնակիչներից մեկին հաջողվել է լուսանկարել կենդանուն:
Կենդանաբանական այգու բոլոր բնակիչները տեղում են:









































