Սիրիական ընդդիմությունը ԱՄՆ իշխանություններից պահանջում է Սիրիայում անմիջապես ոչ թռիչքային գոտի ստեղծել: «Սիրիայի աջակցության խմբի» ներկայացուցիչները, որոնք գտնվում են Վաշինգտոնում և կապ ապահովում ԱՄՆ-ի և Սիրիայի ընդդիմադիր ազատ բանակի ներկայացուցիչների միջև, առաջին անգամ երկուշաբթի դիմել են ամերիկյան վարչակազմին` Լիբիայի օրինակով Սիրիայում ավիաշրջափակում կիրառելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Ոչ թռիչքային գոտի ստեղծելու ժամանակն է: Անհրաժեշտ է վերջ դնել ավիահարվածներին: Առանց ավիացիայի` ռեժիմը չի կարող պահպանել դիրքերը: Անկանոն հարվածների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվում»,- լրագրողներին հայտնել է «Սիրիայի աջակցության խմբի» համահիմնադիր Լուայ Սական:
Նրա խոսքով` ինքը հանդիպել է վարչակազմի ներկայացուցիչների հետ, և պարզվել է, որ նրանք մտածում են այդ ուղղությամբ: Ավելի վաղ ամերիկյան վարչակազմը հրաժարվել է քննարկել ոչ թռիչքային գոտի ստեղծելու հնարավորությունը, սակայն չի բացառել` իրադարձությունների հետագա զարգացման պարագայում:
Ներկայացուցիչների պալատում Հանրապետական խմբակցության ներկայացուցիչը հայտնել է. «Հիմա վարչակազմը շատ խնդիրներ ունի լուծելու` բյուջետայինից սկսած վերջացրած ընտրություններով: Վարչակազմը ռիսկի չի դիմի` հանդես գալով նման նախաձեռնությամբ»: Նա չի բացառել, որ հետագայում ԱՄՆ-ը կարող է միանալ նման օպերացիայի:











































