«Հարսնաքար»-ի գործով մինչդատական վարույթն ընթացել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կոպտագույն խախտումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վահե Ավետյանի հոր՝ Գառնիկ Ավետյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը՝ ներկայացնելով իր և փաստաբան Լուսինե Հակոբյանի հայտարարությունը:
Նա նշեց, որ գործի նյութում առկա՝ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը սխալ է, սխալ է հետևությունն այն մասին, որ Վահե Ավետյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք, որը վտանգ է ներկայացրել կյանքի համար, տվյալ դեպքում՝ հանգեցրել է մահվան:
Չհամաձայնելով այս հետևությանը և խորհրդակցելով ոլորտի լրջագույն մասնագետների հետ՝ փաստաբանները նախաքննություն իրականացնող մարմնից պահանջել են կրկնակի փորձաքննություն նշանակել և հրավիրել հանրապետության բոլոր հիվանդանոցների նյարդավիրաբուժական բաժինների ղեկավարներին, որպեսզի հնարավոր լինի գնահատել՝ գործ ունեն «տվյալ դեպքում մահվան հանգեցրած» վնասվածքների՞, թե՞ ամեն դեպքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետ:
Սակայն, ըստ փաստաբանների, նախաքննական մարմինը մերժել է միջնորդությունը՝ փաստաբաններին փաստացիորեն զրկելով նախաքննության օբյեկտիվության նկատմամբ կասկածները փարատելու օրենսդրական հնարավորությունից:
«Սույն թվականի օգոստոսի 20-ին մենք քսանից ավելի միջնորդություններ էինք ներկայացրել նախաքննություն իրականացնող մարմնին, սակայն նույն օրը քննիչ Ռուբեն Մկրտչյանը ամբողջությամբ մերժել է դրանք՝ մեզ փոստով ուղարկելով իր ակնհայտորեն հիմնազուրկ որոշումը: Նույն օրը նա գործի մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատախազություն, որն իր հերթին երեք օր անց գործն ուղարկել է դատարան»,- մեկնաբանեց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ մինչև վերջ պայքարելու են ապօրինությունների դեմ ՝ ներպետական և վերպետական բոլոր ատյաններում, օգտագործելով ՀՀ և միջազգային օրենսդրությամբ իրենց ընձեռված բոլոր հնարավորությունները՝ հանուն արդարադատության և օրենքի գերակայության: Փաստաբաններն արձանագրեցին, որ գործով մինչդատական վարույթն ընթացել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի բազմաթիվ խախտումներով:
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանին հովանավորելու, հիմնավոր փաստարկները չբացահայտելու համար հաշվի չառնվեցին տուժողների և փաստաբանների միջնորդությունները, իսկ բազմակողմանի, լիարժեք քննություն չի իրականացվել: Սա մարտահրավեր է յուրաքանչյուր քաղաքացու:
Ըստ նրա՝ ոստիկանությունը, քննչական գլխավոր վարչությունը, դատախազությունն ցուցաբերելով անգործություն, չկատարելով իրենց լիազորությունները՝ իրենց դուրս են դրել Սահմանադրությունից: «Դիմում ենք քաղաքացիներին՝ միանալու այս գործի լիակատար բացահայտմանը, պահանջում ենք սկսել նոր քննություն: Պատգամավորներից պահանջում ենք օրակարգում մտցնել այս մարմինների ղեկավարների հրաժարականների հարցը»,- իր խոսքն ամփոփեց Զառա Հովհաննիսյանը:








































