Թունիսից, Հորդանանից, Իրաքից և այլ արաբական երկրներից իսլամական ծայրահեղականները մարտնչում են Սիրիայում ընդդեմ Բաշար ալ-Ասադի վարչակաչգի: Այս մասին հայտնել են արաբական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդել է լիբանանյան արբանյակային «ալ-Մայադին» հեռուստաալիքը, «ան-Նուսրա ճակատի» շարքերում գործում են թունիսյան սալաֆիները:
«Ան-Նուսրա ճակատը» մի շարք հարձակումներ է իրականացրել սիրիական կառավարական զորքերի վրա, նաև մասնակից է 2012թ. մարտին և հունվարին Դամասկոսի հատուկ ծառայությունների կենտրոնների դեմ կազմակերպված ահաբեկչություններին:
Մինչ Սիրիա հասնելը, Թունիսի իսլամիստները նախապատրաստվում են Լիբանանի հատուկ ճամբարներում, որտեղից ուղևորվում են Թուրքիա, ապա անցնում են Սիրիայի հյուսիսային շրջաններ` կառավարական զորքերի դեմ մարտնչելու նպատակով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիան այսօր ջիհադականների համար դարձել է նոր Աֆղանստան: Արաբ իսլամիստները չեն բացառում, որ իրենց պայքարը կշարունակվի նաև Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո:
Հորդանանյան «ալ-Արաբ ալ-յոմ» թերթը մեջբերում է Հորդանանի սալաֆի-ջիհադականների առաջնորդ Մուհամմեդ ալ-Շալյաբի հայտարարությունն այն մասին, որ շարժման ավելի քան 100 «մոջահեդ» Սիրիայում մարտնչում է «ան-Նուստա ճակատի» շարքերում:
Թերթը մտավախություն է հայտնել, որ այն հորդանանցիները, ովքեր այսօր մարտնչում են ընդդեմ սիրիական բանակի, վաղը կարող են մարտնչել ընդդեմ հորդանանյան բանակի և հասարակության:









































