Այսօր` օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Գրիգոր Մարկոսյանը, վարելով «ՎԱԶ 21 21» մակնիշի 63 OO 770 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշեն խճուղու թիվ 31 էլեկտրական սյան դիմաց ընդհարվել է Երևանի բնակիչ Արսեն Հակոբյանի վարած «Օպել» մակնիշի 07 ՍO 143 համարանիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ վթարի հետևանքով, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, Ա. Հակոբյանը մահացել է, իսկ «ՎԱԶ 21 21»-ի վարորդ Գ. Մարկոսայնն ու «Օպել»-ի ուղևորներ` 54-ամյա Ռաֆի Գաբրիելյանը, 49-ամյա Սիլվա Գաբրիելյանը, 21-ամյա Լամառա Գաբրիելյանը, 28-ամյա Խաչատուր Գաբրիելյանը, 23-ամյա Մերի Գաբրիելյանը, 2-ամյա Սիլվա Գաբրիելյանը և 1-ամյա Վարդան Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վարորդներին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Քննիչի հանձնահարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Գ. Շամշյանը հայտնել է, որ Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները Էրեբունի բժշկական կենտրոնում ուժեղացված ծառայություն են կատարում, քանի որ մահացածի հարազատները փորձել են հաշվեհարդար տեսնել Գ. Մարկոսյանի հետ:
















































