1892թ. այս օրը Նոր Նախիջևանում (Դոնի-Ռոստովի շրջան) մահացավ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ռափայել Պատկանյանը (Գամառ-Քաթիպա):
Ծնվել է 1830թ. նոյեմբերի 8-ին գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում, 1843-1849թթ. սովորել է Լազարյան ճեմարանում: 1851-ին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 1866-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։
Առաջին ստեղծագործությունները՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Առավոտյան երգ շինակաց», «Երեկոյան երգ շինակաց», «Հայոց գինի», «Թիֆլիսի քեֆ» և այլն, լույս են տեսել 1850-1851թթ. «Արարատ» շաբաթաթերթում։ 1852-ին իր ուսանող ընկերների հետ հիմնում է Գամառ-Քատիպա ընկերությունը։ 1855-ին լույս է տեսնում Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես ինչպես որ խոսում են, խոսե այնպես ինչպես որ գրում են» բնաբանով:
Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի արտահայտություն։ Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» ստեղծագործություններում: Մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունը իր ժամանակի երիտասարդության վրա։
Բացի բազմաթիվ պոեմներից, բանաստեղծություններից, պատմվածքներից, ունի նայև երգիծական պատմվածքներ՝ գրված Նոր Նախիջևանի բարբառով։








































