«Սիրիայում ընդդիմությունը զուրկ է որոշակի ուղղորդված գործունեությունից, որի շնորհիվ արդյունքի կհասնի: Նախ՝ չունի համապատասխան հրթիռային համակարգ՝ կանոնավոր բանակի օդուժը վերացնելու համար, հետո՝ որպես աջակից չկարողացավ իր կողմը քաշել Հալեպի և Դամասկոսի բնակչությանը, և ևս մի հանգամանք՝ ընդդիմության շարքերը մի միասնական առաջնորդ չունեն»,- այսօր ասուլիսի ընթացքում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը չեն փայլում քաղաքային պայմաններում մարտեր վարելուց, իսկ ընդդիմադիրների շարքերում կան այնպիսիները, որ անտրամաբանական պայքար են տանում՝ բախումների ժամանակ հեռախոսով նկարահանում են կամ թիթեղով են պաշտպանվում, որի արդյունքում զոհվում են:
Ինչ վերաբերում է սիրիահայերի հասցեին հնչեցրած ապստամբների հայտարարություններին, արաբագետն ասաց, որ դրանք ընդամենը պրովոկացիա են. «Հալեպում անհաջողության մատնվելուց հետո սա պարզապես մեղքը ուրիշի վրա բարդելու ձև է: Ես կարծում եմ, որ սա Թուրքիայի ձեռագիրն է, քանի որ ապստամբներն այնտեղից են ֆինանսավորվում»:
Արաբագետն ասաց նաև, որ Սիրիայում որոշակի քայլեր արվում են՝ հայերին ներքաշելու քաղաքացիական պատերազմի մեջ, սակայն համայնքը պահելու և կորուստներ չունենալու լավագույն տարբերակը չեզոք մնալն է:







































