Ինչպես Թունիսի և Եգիպտոսի դեպքում, երբ այս երկրներում ծագած հուզումների գագաթնակետին Wikileaks-ը հրապարակում էր գործող ռեժիմների դեմ ամերիկյան դիվանագիտության փաստաթղթեր, այս դեպքում էլ կայքի զոհն է դարձել Լիբիայի իշխող վերնախավը` Քադաֆիի բազմանդամ ընտանիքը:
Փաստաթղթում նշվում է, որ ընտանիքը հեռու է ամուր, կարծր «կառույց» լինելուց, այնտեղ կա լուրջ մրցակցություն ընտանիքի տարբեր անդամների միջև, և հատկապես վերջին տարիներին այդ մրցակցությունը սրվել է:
Սաֆյա. Մուամար Քադաֆիի երկրորդ կինն է։ Նա միշտ ձգտում է մնալ ստվերում: Ճամփորդում է երկրում ընտանեկան ինքնաթիռով, իսկ օդանավակայաններում նրան միշտ սպասում է մոտոցիկլիստների շարասյունը: Լիբիական Բաբ Ալ-Ազիզում Սաֆյան էր կազմակերպել լիբիական հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնախմբություն, որին մասնակցել են բազմաթիվ հյուրեր, այդ թվում` դիվանագետներ, որոնք նշել են, որ Սաֆյայի կազմակերպածը եղել է առանց որևէ ավելորդության:
Մուհամադ. Քադաֆիի ավագ որդին է առաջին կնոջից` Ֆատհից: Գլխավորում է երկրի օլիմպիական կոմիտեն, որին են պատկանում Libyan Beverage Company ընկերության բաժնետոմսերի 40%-ը (այս ընկերությունը Coca-Cola-ի հետ համատեղ ձեռնարկություն է): Բացի այդ, նա գլխավորում է հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեն:
Սայֆ Ալ-Իսլամ. Ավագությամբ երկրորդ որդին է: 38 տարեկան է, մասնագիտությամբ՝ ճարտարապետ, որը կիրակի օրը իր ժողովրդին զգուշացրեց, որ արյան մեջ կթաղի բոլոր նրանց, ովքեր ձեռք կբարձրացնեն հոր իշխանության վրա: Խոստումը դեռ կատարում է: Վերջին շրջանում համարվում է գնդապետ Քադաֆիի ժառանգը: Փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում:
Սայֆ Ալ-Իսլամի վարկն Արևեմուտքում վերջին շրջանում աճել է, սակայն դա վրդովում է լիբիացիներին, որոնք կարծում են, որ նա չափից դուրս է ծառայում օտարերկրացիների: Համարվում է կանանց մեծ սիրահար: Վատ հարաբերությունների մեջ է ընտանիքի անդամների մեծ մասի հետ` եղբայրների` Մութասիմի, Հանիբալի, Սաադիի և քրոջ` Այշայի հետ:
Սաադի. Քադաֆիի երրորդ որդին է: Հայտնի է ագրեսիվ վարքագծով, լուրջ խնդիրներ է ունեցել մի շարք երկրների ոստիկանների հետ, շատ է սիրում ալկոհոլ և թմրանյութեր: Չնայած հոր արգելքներին` շատ է ճամփորդում: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, խաղացել է իտալական «Պերուջա» թիմում, չնայած խաղադաշտում մի քանի րոպե է անցկացրել` որակազրկվելով դոպինգ ընդունելու համար: «Ահլի» լիբիական թիմի սեփականատերն է, մի քանի տարի է, ինչ ղեկավարում երկրի ֆուտբոլի ֆեդերացիան:
Մասնագիտությամբ ճարտարապետ է: Մի քանի տարի ծառայել է հատուկ նշանակության զորքերում: Սիրում է կինո, զբաղվում է պրոդյուսերական գործունեությամբ: Որոշ տվյալներով, մասնակցում է Բենղազիի ցույցերի ճնշմանը:
Մութասիմ. Քադաֆիի չորրորդ որդին է, անվտանգության հարցերով նրա խորհրդականը, մինչև վերջերս համարվում էր գնդապետի հետնորդը: Լուրջ հակասությունների մեջ է եղբայրների հետ: Վերջիններիս հաջողվել է նրա ձեռքից վերցնել իրեն պատկանող մի շարք ընկերությունների կառավարումը: Հատկապես լարված են նրա հարաբերությունները Սայֆի հետ:
Հանիբալ. Ընտանիքի «անճոռնի ճուտիկն» է: Աշխարհում մեծ աղմուկ հանած մի շարք սկանդալների հեղինակ է: Բոլորն են հիշում նրա և կնոջ ձերբակալությունը Շվեյցարիայում, որտեղ նրանց մեղադրում էին սպասուհու դեմ բռնություններ գործադրելու մեջ:
Խամիս. Թեպետ նրա անունը թարգմանվում է որպես հինգերորդ, բայց նա Քադաֆիի վեցերորդ որդին է: Լիբիայում ամենամարտունակ վաշտի հրամանատարն է: Ռազմական վերապատրաստում է անցել Ռուսաստանում: Որոշ տեղեկություններով` Բենղազիի ցույցերի «դահիճներից» է:
Սայֆ Ալ-Արաբ. Ութ երեխաներից ամենաքիչ հայտնին է: Որոշ տեղեկություններով, ապրում է Մյունխենում, որտեղ ունի բիզնես և ապրում է փլեյբոյի կյանքով: Ինչպես և Քադաֆիի մյուս երեխաները, կայուն եկամուտ ունի վաճառվող լիբիական նավթից:
Այշա. Քադաֆիի միակ դուստրն է, որը «դատավորի» դեր է ստանձնել ընտանիքում և հաճախ է լուծում վեճերը եղբայրների միջև: Լիբիայի լավագույն հիվանդանոցներից մեկի տնօրենն է: Մի քանի տարի առաջ նրա ծննդյան օրվան էր ժամանել Լայոնել Ռիչին: Նա ուներ որդեգրած դուստր, որը զոհվել է 1986 թ. ամերիկյան ռմբակոծությունների ժամանակ:











































