– Գայանե, Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ, որն ի դեպ, արդեն վեցերորդ տարին է նշվում, Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է, որ «հեռանալ հայոց լեզվից, նշանակում է` հեռանալ հայ ժողովրդից, ազգային արմատից ու կենսահողից, դառնալ մի վտարանդի, որն անհաստատ է, լքված, անհայրենիք: Այսօր մենք մեկ անգամ ևս ինքներս մեզ համար բարձրաձայնում ենք, որ ընտանիքում պետք է իշխի հայոց լեզուն ու հայեցի դաստիարակությունը»: Ըստ Ձեզ` արդյո՞ք չկա հակադրություն նրա խոսքերի մեջ, երբ բոլորովին վերջերս նա ստորագրեց ՀՀ «Լեզվի մասին» օրենքի չարաբաստիկ փոփոխությությունները:
– Ցավոք, հարցին չեմ կարող պատասխանել միայն տվյալ դիպվածի շրջանակներում, քանի որ արտասանվածը հասկանալի է պաշտոնական ողջ դիսկուրսի տրամաբանության մեջ միայն: Սերժ Սարգսյանի ասմունքածը «այլասերված տեքստի» հերթական օրինակն է վարչապետի ասմունքած «արդիականացման», «ռեֆորմացիայի» և մնացած այլ` գործունեության լեգիտիմ «ֆասադ» ապահովող տեքստերի շարքում: Բանն այն է, որ նման տեքստերը ոչ թե ուղղված են իրավիճակի նկարագրմանը կամ մտադրությունների բարձրաձայնմանը, այլ իրենց գործունեության իրական պատկերի ֆիքսումից խուսափմանը: Քաղաքականությունն (ինչպես և մնացած բոլոր ինստիտուցիոնալացված ոլորտները) այն դաշտն է, որտեղ ցանկացած պաշտոնական գործունեություն ենթակա է բարձրաձայնման: Սակայն ներկայիս իրավիճակի նկարագրումն այնպես, ինչպես այն կա, չի համապատասխանում դեմոկրատական արժեքներ հանձն առած երկրի համար լեգիտիմ «տեքստին», քանի որ նշանակում է բռնապետական ռեժիմի հայտարարագրում և կրիմինալ գործողությունների մասին խոստովանություն, այսինքն` վերածվում է «հացագործության մասին հաղորդագրության»: Այդ իսկ պատճառով նկարագրման դաշտը լցվում է «այլասերված տեքստերով», որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ:
Սերժ Սարգսյանի արտասանած այս ոտանավորը ՍՄԿԿ Կենտկոմի համագումարի ոչինչ չասող ճոռոմաբանության դասական օրինակ է (որտեղ է երևում Կևորկովի «հայրենասեր» աջ ձեռքի իրական «պոլիտշկոլան»), որով սովետական պրոպագանդիստական պրիմիտիվ դպրոցը փորձում էր ապահովել երևույթների տոտալ քողարկում, ծաղկուն իրականության պատրանք` համոզված լինելով, որ պրոպագանդան ավելի ուժեղ է, քան այն դժոխքը, որում մարդն ամեն օր ապրում է:
Քանի որ իրականության ընկալման այս պարզեցված մեխանիզմը նրանցում մնացել է նույնը, պաշտոնական դիսկուրսը բավարարվում է յուրաքանչյուր ոլորտի մասին պոպուլիստական փուչ տեքստերի ծիսական կրկնությամբ` համոզված լինելով, որ դրանով խորամանկորեն շեղում է մարդկանց ուշադրությունը պետական բարձր հովանու ներքո զարկ տրված արտագաղթից, Ռուսաստանի մեծապետական շովինիզմին տուրք տալով ռուսալեզու դպրոցների հիմնումից, բանակում «հայեցի» դաստիարակությանն ուղղված գնդակահարություններից, պետական միջոցների համատարած թալանից և այլ այլանդակություններից` «ապացուցելով», որ ա՛յ լեզվից հեռացումն է ստիպում մարդկանց «դառնալ մի վտարանդի, անհաստատ, լքված, անհայրենիք», ինչպես հիմարաբար փորձ արվեց «ապացուցել», որ էմոների «պոպուլյացիայի շատացումն» էր զինվորների «ինքնասպանությունների» պատճառը բանակում: Գայանե Ղազարյան, սոցիոլոգ:











































