Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում մոտ 10,000 քաղաքացիների արգելվել է մեկնել արտասահման՝ նրանց ունեցած հարկային պարտավորությունների պատճառով: Այս մասին հայտարարել է Հարկային ծառայության ղեկավար Ալի Ասկարին:
Վերջինիս խոսքերով՝ արտասահման մեկնել արգելվել է այն քաղաքացիներին, որոնց հարկային պարտավորությունը գերազանցում է 10 միլիոն ռիալը (մոտ 815 դոլար): Իրանական այս տարվա (սկսվել է մարտի 21-ից) առաջին 4 ամիսներին հարկային եկամուտներից պետբյուջեն համալրվել է մոտ 100 տրիլիոն ռիալով (մոտ 8.2 միլիարդ դոլար):
Դա կազմում է ողջ տարվա հարկային եկամուտների կանխատեսվող ողջ գումարի 26 տոկոսը: Ընթացիկ տարում հավաքվող հարկերից պետբյուջեն պետք է համալրվի 340 տրիլիոն ռիալով (մոտ 27.7 միլիարդ դոլար): Ասկարին չի բացառում, որ այդ ցուցանիշը կարող է աճել մինչև 390 տրիլիոն ռիալի (մոտ 31.8 միլիարդ դոլար)՝ հաշվի առնելով հավելյալ մուտքերը: