Ամերիկյան Տեխաս նահանգում մահապատժի է ենթարկվել մտավոր հետամնաց մի տղամարդ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Մահապատիժն իրականացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել է բավարարել դատավճռի վերաբերյալ վերջին բողոքարկումը:
54-ամյա Մարվին Ուիլսոնը սպանվել է մահացու ներարկման միջոցով:
Ուիլսոնին դատապարտել են 1992 թվականին` ոստիկանության ինֆորմատոր Ջերի Ուիլյամսի սպանության համար: Այդ ժամանակ Ուիլսոնին ձերբակալել էին կոկաին պահելու մեղադրանքով: Գրավի դիմաց դուրս գալով` իր ձերբակալության համար նա մեղադրել էր Ուիլյամսին ու մեղսակցի հետ հարձակվել նրա վրա: Ինֆորմատորին ծեծել էին, այնուհետև սպանել:
Դիակի հայտնաբերման հաջորդը օրը Ուիլսոնին ձերբակալել էին:
2004-ին հոգեբանական թեստը հաստատել է, որ Ուիլսոնի IQ-ն կազմում է 61 բալ` անհրաժեշտ 70-ի փոխարեն: Թեստի արդյունքների հիման վրա ամբաստանյալի փաստաբանները փորձել են հասնել մահապատժի կասեցման:







































