Բուլղարիայի Բուրգաս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հունական ոստիկանությունը զգուշանում է իսրայելցի զբոսաշրջիկների վրա հնարավոր հարձակումներից: Անվտանգության միջոցների խստացման մասին հայտարարվել է օգոստոսի 5-ին, գրում է «Ռոսբալտ»-ը:
Անվտանգության միջոցառումները խստացվել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի՝ օգոստոսի 6-ին Աթենք կատարելիք այցին ընդառաջ:
Բացի այդ, անվտանգության ոլորտում ևս մեկ նորամուծություն վերաբերում է միգրացիային: Օգոստոսի 5-ին ձերբակալվել են 1130 ապօրինի միգրանտներ: Երկրի իշխանություններն այս կերպ ահազանգ են հնչեցնում սիրիացի փախստականներին, ովքեր փորձում են ներթափանցել Բալկաններ: Միաժամանակ, Աթենքն ուժեղացրել է Թուրքիայի հետ սահմանի պահպանությունը, որով կարող են մուտք գործել ներգաղթյալները:
Ներկայումս հենց Հունաստանն է ապօրինի ներգաղթյալների համար դարպաս հանդիսանում ԵՄ մուտք գործելու համար: Երկրի բնակչությունը 11 միլիոն է: Իշխանությունների գնահատականներովʽ ներգաղթյալների թիվը մինչև 1,5 մլն մարդ է:











































