ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ խորհրդական Դևիդ Պլաֆը իր երկու ելույթների համար 100 հազար դոլար հոնորար է ստացել մի ընկերությունից, որը կապ ունի Իրանի կառավարության հետ բիզնես վարած ֆիրմայի հետ: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
Պլաֆը հոնորար է ստացել հեռահաղորդակցմամբ զբաղվող հարավաֆրիկյան MTN Group ընկերության դուստր ընկերությունիցʽ Նիգերիայում 2010թ. դեկտեմբերին իր երկու ելույթների համար: Այդ ժամանակ MTN Group-ը, բիզնես էր վարում իրանական պետական հեռահաղորդակցման ընկերության հետ: Սպիտակ տան իր պարտականություններին Պլաֆն անցել է այդ ելույթներից մեկ ամիս հետո:
Սպիտակ տունը հրաժարվել է ԶԼՄ-ներին հնարավորություն տալ Պլաֆից հարցազրույց վերցնել: Օբամայի աշխատակազմի մամուլի քարտուղար Էրիկ Շուլցը հայտարարել է, որ երբ Պլաֆին հրավիրել են հանդես գալ Նիգերիայում, Իրանում MTN Group-ի գործունեությունը կարևոր հարց չէր համարվում:
Շուլցի խոսքերով՝ Պլաֆի ելույթը վերաբերել է բջջային տեխնոլոգիաներին և թվային կոմունիկացիաներին: Մամուլի քարտուղարը հայտնել է, որ ընկերության ղեկավարության հետ առանձին Պլաֆը չի հանդիպել: Ընդ որում, Սպիտակ տանը նշում են, որ Նիգերիայում ելույթ ունենալու հրավերն ընդունելուց առաջ Պլաֆը խորհրդակցել է փաստաբանի հետ: MTN Group-ի մամուլի քարտուղարը պնդում է, որ նրա ելույթը Իրանին չի վերաբերել:
Օբամայի աշխատակազմի ներկայացուցիչները նաև ընդգծել են, որ Իրանի հետ կապված ընկերություններից նման հոնորարներ ստացել են նաև Ջորջ Բուշի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաները:









































