ԱՄՆ ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննում է օգոստոսի 5-ին սիկհական տաճարում տեղի ունեցած զանգվածային սպանությունը որպես «ներքին ահաբեկչություն»: Դա նշանակում է, որ անվտանգության մարմինների կարծիքով` հանցագործությունը ծրագրվել է ամերիկյան հողում, ոչ թե երկրի սահմաններից դուրս: Այս մասին հաղորդում է RBK-ն:
Օեկ Քրիք բնակավայրի (այնտեղ է տեղի ունեցել հրաձգությունը) ոստիկանապետը չի բացառել, որ ահաբեկիչները նման քայլի են դիմել կրոնական դրդապատճառներով: Այլ մանրամասներ անվտանգության մարմինները չեն հաղորդել:
Հայտնի է, որ ահաբեկիչը ներխուժել է տաճար այն պահին, երբ այնտեղ ծիսակատարություն էր տեղի ունենում, անկանոն կրակ է բացել` սպանելով 6 մարդու: Նրանցից 4-ը գտնվել են տաճարի ներսում, 2-ը` տաճարից դուրս: Չնայած այն բանին, որ զոհերի անունները դեռևս չեն հաղորդվել, հայտնի է դարձել, որ նրանց թվում է նաև տաճարի հոգևորականը:
Հանցագործին հաջողվել է վիրավորել դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներից մեկին: Ոստիկանների պատասխան կրակից ահաբեկիչը ոչնչացվել է: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:












































