Այսօր` օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18.20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի 185 շենքի 15 բնակարանի բնակիչ, 33 -ամյա Բորիս Աբրահամյանը, վարելով «Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80 կմ-ի Թալին-Կարմրաշեն գյուղերի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Դեպքի վայրից shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել:
Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները, ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ համարանիշները եղել են 034 oo 11:
Գ. Շամշյանը հայտնել է, որ այդ համարանիշները հաշվառված են Ազգային Ժողովի հաշվեկշռում, իսկ վթարի ենթարկված «Լանդ Քրաուզերը» պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:
Վթարի պահին պատգամավորը եղել է ավտոմեքենայում, թե ոչ, ճշտվում է:















































