Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ահաբեկիչները ականապատ մեքենա են պայթեցրել, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչներին:
Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքի մոտ: Հաղորդվում է, որ տուժածը Թունիսի քաղաքացի է:
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
Գործակալությունը նշում է, որ դա Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո առաջին ահաբեկչությունն է Լիբիայի մայրաքաղաքում: Երկրի տարածքում շարունակում են գործել մեծ թվով զինված խմբավորումներ, սակայն նրանց գործողությունների գոտին սահմանափակվում է երկրի հյուսիսային հատվածով:






































