ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը օգոստոսի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` Սիրիայի վերաբերյալ որոշումը համարել է վնասակար: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Ըստ ռուս դիվանագետի` փաստաթուղթը հակասում է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրին և Ժնևի համաձայնագրին, ինչպես նաև նվազեցնում է գործընթացը խաղաղ ճանապարհով կարգավորելու հավանականությունը: Չուրկինի խոսքով` որոշումը «միայն սրում է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում մոտեցումները` չնպաստելով կողմերի խաղաղ երկխոսությանը, ինչը բխում է Սիրիայի ողջ բնակչության շահերից»:
ՄԱԿ-ի որոշման մեջ, որն ընդունվել է անդամ երկրների մեծամասնության քվեարկությամբ, Սիրիայի իշխանություններից պահանջվում է դադարեցնել ծանր ռազմական տեխնիկայի օգտագործումը և զորքերը դուրս բերել երկրի քաղաքներից:
Փաստաթղթին, բացի Ռուսաստանից, դեմ են նաև Բելառուսը, Վենեսուելան, Հնդկաստանը, Չինաստանը, Կուբան, Հարավաֆրիկյսն Հանրապետությունը և մի քանի այլ երկիր: 31 երկիր ձեռնպահ է եղել քվեարկությանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հրաժարվել էր իր առաքելությունից:












































