Սոմալիի կառավարությունը խոստացել է հրաժարվել ավելի քան 2000 ծովահենների հետապնդումից, եթե նրանք համաձայնեն ազատ արձակել պատանդներին և վերադարձնել առևանգված նավերը: Այս մասին հաղորդում է The Times պարբերականը՝ վկայակոչելով երկրի նախագահ Շարիֆ Ահմադին:
«Նա, ով կցանկանա դառնալ համայնքի անդամ, կընդունվի գրկաբացությամբ,- հայտարարել է նախագահը թերթի լրագրողների հետ զրույցում:- Նրանք, ովքեր կթողնեն անցյալում իրենց զբաղմունքը, ներում կստանան»:
Սոմալիի իշխանությունները պատրաստվում են համաներում հայտարարել մինչև Ռամադանի ավարտը (օգոստոսի 18-19): Իսլամական ավանդույթով այդ օրը խորհուրդ է տրվում ներում շնորհել հանցագործներին: Նշենք, որ Շարիֆ Ահմադի մանդատը լրանում է օգոստոսի 20-ին:
Ավելի վաղ, որոշ ԶԼՄ-ներ հայտնում էին, որ Շարիֆ Ահմադը դիվանագիտական անձնագիր է տվել ծովահենների հայտնի առաջնորդ Մոհամեդ Աբիդե Հասանին: ՄԱԿ-ի փաստաթղթերում նշվում էր, որ դա արվել է՝ նրան ծովահենությունից հրաժարվել համոզելու համար:
ԵՄ տվյալներով՝ այս պահին սոմալեցի ծովահենների մոտ պատանդ է պահվում շուրջ 245 մարդ: Համաշխարհային տնտեսությանը ծովահենների հասցրած վնասը գնահատվում է տարեկան 12 մլն դոլար:









































