Վաշինգտոնը սիրիացի ապստամբներին սատարելու գաղտնի գործողություն է իրականացնում, և այդ նպատակով արդեն 25 մլն դոլլար է ծախսել: Ընդդիմադիր խմբավորումներին գումարներ, կապի սարքավորումներ, սիրիական բանակի մասին տեղեկություններ են տրվում, գրում է ՙՆեզավիսիմայա գազետա՚-ն:
Երեկ համաշխարհային գրեթե բոլոր հեռուստաընկերությունները տեսասյուժետ էին ցուցադրում Հալեպի արևելյան թաղամասերից մեկից: Դրանում գրոհայինները հարցաքննում, այնուհետև հրապարակայնորեն գնդակահարում են չորս մարդու, այդ թվում՝ տարեց մի տղամարդու: Ձայնը հայտարարում է, որ նման կերպով պատժվում են Բաշար Ասադի կողմն անցած և 12 ապստամբի սպանած ընտանեկան կլանի անդամները:
Լոնդոնում գործող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի կազմակերպություն և Human Rights Watch-ը միջադեպը ռազմական հանցանք էին որակել:
Նույն ժամանակահատվածում Սիրիայում շարունակվում են ահեղ մարտերը: Հալեպը շարունակում է մնալ մարտական ակտիվության կենտրոն: Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչ Սաուսան Գոշեխի խոսքովʽ կառավարական զորքերը գործի են դնում զրահամեքենաներ, ուղղաթիռներ և հրետանի:
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, ամիսներ շարունակ Սիրիայի ապստամբ զինված խմբավորումներին օգնելու գաղտնի գործողություն է իրականացնում:
CNN հեռուստաընկերության պնդմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանության է արժանացրել սիրիական զինված ընդդիմությանը սատարելու վերաբերյալ առաջարկը: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է որոշ ժամանակ առաջ և նրա կատարման վրա արդեն 25 մլն դոլլար է ծախսվել:









































