«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչու ԲՀԿ-ն` որպես «այլընտրանքային ընդդիմություն», չի մասնակցում այն պիկետներին, որոնք ՀԱԿ-ը եւ քաղաքացիական նախաձեռնությունները կազմակերպվում են ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ երիտասարդների, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց.
«ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շատ սպառիչ պատասխան տվեց այդ հարցին` բնականաբար, մտահոգություն հայտնելով այն պատժի չափին, որին տղաները արժանացել են եւ, առհասարակ, ամբողջ գործընթացի առնչությամբ: Ինքս դրա եւ նմանատիպ դեպքերի մասին խոսելիս միշտ հույս եմ հայտնել, որ իրավապահները հանցագործությունները պարզելու են անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական նկատառումներից, այլեւայլ հանգամանքներից եւ առաջնորդվելու են բացառապես սեւով սպիտակի վրա գրված օրենսգրքի դրույթներով: Ես հայտնել եմ իմ կարծիքը, որ սահմանված պատիժը, անշուշտ, շատ ավելի խիստ էր, քան կարելի էր: Ինչ վերաբերում է մնացածին, նորից կրկնեմ կարմիր թելի պես տարվող իմ դիրքորոշումը նմանատիպ բոլոր դեպքերի հետ կապված` անկախ քաղաքական պատկանելությունից` մարդիկ պիտի կրեն պատասխանատվություն, եթե կատարել են հանցագործություն: Եթե չեն կատարել քրեական հանցագործություն, ուրեմն նրանք չպիտի կրեն քրեական պատասխանատվություն»:
Ավելին` Տիգրան Ուրիխանյանն իր «այլընտրանքային» պատասխանը համեմեց ՀԱԿ-ին ուղղված մեղադրանքով` «Ճիշտ այնպես, ինչպես այլ, այդ թվում Ձեր կողմից նշած (նկատի ունի` Կոնգրեսին – Մ.Բ.) քաղաքական կառույցի ներկայացուցիչները ԲՀԿ-ի` ինչ-ինչ ազդեցությունների ենթարկվող քաղաքական գործիչների նկատմամբ այդ դեպքերում չեն ձեռնարկում որեւէ գործողություն, մենք, ի տարբերություն նրանց, ՀԱԿ երիտասարդների մասով հայտնել ենք հստակ դիրքորոշում: Բացի այդ, ես հայտնել եմ կարծիք, որ նրանց պաշտոնական պաշտպաններն այսօր հնարավորություն ունեն ավելի արդյունավետ գործողություններ իրականացնելու եւ միջոցներ ձեռնարկելու, ինչը տեղի չի ունենում»:








































