Եթե ՀԱԿ ակտիվիստների գործողություններում կա հանցակազմ, այն պետք է քննվի բացառապես ՀՀ օրենքների դրույթներին համապատասխան: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով հարցին, թե ՀԱԿ ակտիվիստ, ազատազրկված Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ համարու՞մ է, թե՞ ոչ:
Ըստ ԲՀԿ մամլո խոսնակի` Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունները պետք է բացահայտվեն անկախ քաղաքական նկատառումներից, մարդկանց հայացքներից և կուսակցական պատկանելիությունից: «Եթե որևէ մարդու, այդ թվումʽ իրենց գործողություններում կա հանցակազմ, ուրեմն այն պետք է քննվի բացառապես Հայաստանի Հանրապետության սև ու սպիտակ գրված օրենքների դրույթներին համապատասխան: Եթե արարքում հանցակազմ չկա, և հետապնդվում է քաղաքական հայացքների համար, բնականաբար դա դատապարտելի է»,- իր տեսակետը հայտնեց Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ներկայացուցիչները համարում են, որ Տիգրան Առաքելյանը և մյուս ՀԱԿ ակտիվիստները հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար, ուստի Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է:










































