Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան ընդունել է Ջուլիան Ասանժի մորը, գրում է բրիտանական The Daily Telegraph-ը: Նրա հետ հանդիպմանը Կորրեան հայտարարել է, որ Էկվադորը պաշտպանում է մարդու իրավունքները և առավելագույն ջանասիրությամբ կուսումնասիրի Ասանժին քաղաքական ապաստան տալու հարցը:
Քրիստինա Ասանժն իր հերթին հայտարարել է, որ որդուն հետապնդում են քաղաքական նկատառումներով: «Ես գտնվում եմ Էկվադորում որպես մայր և ցանկանում եմ որոշ փաստեր ներկայացնել: Իհարկե, ես շատ շնորհակալ կլինեմ, եթե իմ որդուն ապաստան տան, և նա կարողանա խուսափել ԱՄՆ-ին արտահանձնվելուց»,- հայտարարել է նա:
Ջուլիան Ասանժը 2012թ. հունիսի կեսերից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում: Նա այստեղ է տեղափոխվել այն բանից հետո, երբ Լոնդոնի դատարանը մերժեց նրա բողոքը՝ Շվեդիային արտահանձնելու հարցով: Ասանժը մտավախություն ունի, որ Շվեդիան իրեն կարող է արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նա մեղադրվում է լրտեսության մեջ՝ գաղտնի տեղեկություն տարածելու համար:
Շվեդիայում Ասանժը մեղադրվում է երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ: Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը Շվեդիային առաջարկել է այդ գործով Ասանժի հարցաքննությունն անցկացնել դեսպանատան տարածքում, սակայն ՇՎեդիան մերժել է:









































