Բրիտանական Times-ում հրապարակվել է շախմատի աշխարհի չեմպիոն, ռուսաստանյան ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Գարրի Կասպարովի հոդվածը, որում նա ինչպես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, այնպես էլ ՌԴ նախագահ Պուտինին բռնապետ է անվանում:
Կասպարովը հարց է տալիս` ինչո՞ւ են այս Օլիմպիական խաղերում առկա որոշ տարրեր, որոնք առաջին անգամ օգտագործվել են նացիստների կողմից` Բեռլինում 1936 թվականին տեղի ունեցած Օլիմպիադայի ժամանակ: Ժամանակակից Խաղերի կազմակերպության նախաձեռնող Պյեր Կուբերտենը հիանում էր Հիտլերով և այն բանով, թե ինչպես էր Գերմանիան անցկացնում իր Օլիմպիադան:
«Սակայն Կուբերտենն այնուհետև Խաղերը տվեց կայսերական Տոկիոյին և ֆաշիստական Հռոմին: Նա ուղղակիորեն հայտարարեց, որ քաղաքական կուսակցության առաջընթացի համար Խաղերի օգտագործումը չի տարբերվում զբոսաշրջության զարգացման համար կալիֆոռնիական լավ եղանակի օգտագործումից»,- գրում է ընդդիմադիրը:
Նա նշում է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայիս նախագահ Ժակ Ռոգը հրաժարվեց մեկ րոպե լռությամբ հարգել 1972 թվականին Մյունխենում տեղի ունեցած Խաղերի ժամանակ սպանված 11 իսրայելցիների հիշատակը: «Այո, դա տգեղ որոշում էր: Բայց եթե իդեալներ գոյություն ունենային, Օլիմպիադան չէր անցկացվի ոչ հիտլերյան Գերմանիայում, ոչ պուտինյան Ռուսաստանում»,- ասել է Կասպարովը:
«Պուտինին ևս իդեալներ պետք չեն: Նա միայն շահագրգռված է կառավարել` ինչպես Ստալինը, և ապրել` ինչպես Ռոման Աբրամովիչը: Բոլոր բռնապետերին դուր է գալիս Աստված խաղալ, և ի՞նչը կարող է դրա համար ավելի լավ լինել, քան ձմեռային Օլիմպիադայի կազմակերպումն ամառային հանգստավայրում»,- հարցնում է շախմատի աշխարհի նախկին չեմպիոնը:





































