1934թ. այս օրը Կորդոբայում (Արգենտինա) վախճանվեց հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ Արամ Երկանյանը:
Ծնվել է 1900թ. Կարինում: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ նրան հաջողվում է խուսափել տեղահանումից և անցնել Կովկաս, 1918թ. մայիսին մասնակցում է Բաշ-Ապարանի ճակատամարտին` որպես դասակի հրամանատար: 1920թ. հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարում է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին (Բաքվի խորհրդարանի «Մուսավաթ» կուսակցության հիմնադիր): Արամի գործընկերը գործողության ժամանակ եղել է Միսակ Կիրակոսյանը:
1922թ. ապրիլի 17-ին «Նեմեսիս» գործողության շրջանակում Բեռլինի Ուլանդշտրասե փողոցում կեսգիշերին Թալեաթի կնոջ աչքերի առջև Արշավիր Շիրակյանի հետ ոչնչացնում է երիտթուրքական գործիչներ, Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (հրամայել էր Տրապիզոնում 15 հազար հայ երեխաների ծովում խեղդել) և «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը):
Բոլորից լավ Արամ Երկանյանին բնութագրել է իր ուսուցիչը` թուրք դահիճներին պատժելու գործողության` «Նեմեսիսի» ղեկավար Շահան Նաթալին. «Դիտեցեք իր պատկերը: Եվ անոր ճակատը, աչքերը, դեմքը պիտի պատասխանեն` Հայ Նեմեսիս մը…: Զինքը ճանչցայ Պոլիս: Չէի հանդիպած իրեն: Հոգիներու ճանաչողութիւնը ժամանակով չի չափուիր: Բաց գիրք մը, որ ինձ թուեցաւ, թէ ծնած օրէս կարդացած էի: Պարզունակ անխաթար, սիրտն ու հոգին շրթունքին, բաց ճակատին վրայ եւ հայու աչքերուն մէջ: Կարնեցի տղան ուրիշ բան էր, վկայեց իմ հոգին»:







































