168 ժամ թերթը գրում է, որ ՌԴ նախագահ Պուտինն օգոստոսի 8-ին Սերժ Սարգսյանին Մոսկվա է հրավիրել, որպեսզի վերջնականապես ճշտի ԵվրԱզԷս-ում Հայաստանի տեղի հարցը՝ կաʼմ անդամակցում, կաʼմ վերջնական հրաժարում:
Ինչպես հայտնի է, այդ կազմակերպությունում Հայաստանը դիտորդ է: ԵվրԱզԷս-ը ներկայումս արդիական է այն իմաստով, որ դրա փաստացի հենքի վրա էլ 2015 թվականին Ռուսաստանը ծրագրում է ձևավորել Եվրասիական միությունը, որին արդեն իսկ ձեռնմուխ են եղել Մաքսային միության երեք պետությունները՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան:
Վերջին շրջանում նկատելի է, որ Եվրասիական միության հարցով Ռուսաստանը բավական նկատելի դիվանագիտա-քարոզչական ճնշում է սկսել Հայաստանի վրա: Ռուսական պատվիրակությունները Հայաստան են գալիս, Հայաստանի անունից անգամ հայտարարություններ են անում այդ հեռանկարի հետ կապված՝ Նարիշիկինի հայտարարությունը Երեւանում, թե Հայաստանը փորձում է իր տեղն ու դերը գտնել Եվրասիական միության հեռանկարում: Ռուսաստանի համար դա հիմնարար հարց է, ինչի մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինըʽ ասելով, որ Եվրասիական միությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային հարցն է: Ըստ երևույթին, համաշխարհային քաղաքականության կոնտեքստում արձանագրելով համատարած հետընթացʽ Ռուսաստանը ծրագրում է գոնե անզիջում և անառիկ դիրքեր զբաղեցնել հետխորհրդային սահմանների այն հատվածներում, որտեղ քիչ թե շատ կենսունակ է առայժմ: Այդ առումով, Հայաստանի ապագան դառնում է կենսական, քանի որ հարավկովկասյան ռազմավարական ուղղությամբ Ռուսաստանի միակ դիրքն է, որը կորցնելու դեպքում Մոսկվան կորցնում է Կովկասը եւ հարակից շրջանակը: Կասկած չկա, որ Ռուսաստանի համար խնդիրը չափազանց սկզբունքային է: Այն սկզբունքային է նաև Հայաստանի համար, քանի որ Հայաստանի իշխանությունը հռչակել է կուրս դեպի Եվրամիություն, որն էլ իր հերթին Հայաստանին հատուկ զգուշացնում է, որ կաʼմ խաղում է Եվրասիական միության կանոններով, կաʼմ Եվրամիության:
Եթե Ռուսաստանը նախագահի ընտրությունից առաջ խստացնում է պահանջը և Հայաստանին դնում որոշակիանալու խնդրի առաջ, ապա դրանով նաև արձանագրվում է, որ Հայաստանի նախագահի առաջիկա ընտրությունը, ըստ էության, վերածվում է Եվրամիության և Եվրասիական միության, կամ, այլ կերպ ասած, Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Հետևաբար, նաև ներքաղաքական իրադարձությունների ընթացքը, ըստ էության,պայմանավորվելու է հենց այս դիմակայությամբ: Այսինքն, ներքաղաքական ուժերին նախագահական ընտրություններին ավելի մոտ թերևս հարկ կլինի ոչ միայն Ռուսաստանի եւ Արևմուտքի, այլ նաև սեփական հասարակության առաջ որոշակիանալ իրենց մոտեցումներով, որովհետև ակնհայտ է, որ հաջողությունը կուղեկցի նրան, ով հանրությանը կկարողանա համոզիչ փաստարկներ ներկայացնել իր ընտրության օգտին: Իհարկե, դա ամենևին չի նշանակում, որ դա կլինի Հայաստանի համար լավագույն ընտրությունը, որովհետև, եթե օրինակ որևէ ուժ համոզի հանրությանը, որ Եվրասիական միության կանոնակարգն է պետք ընդունել, ապա դա Հայաստանի համար հազիվ թե խոստանա դինամիկ զարգացման և մրցունակության հեռանկար:
Բայց, մրցակցության մեկնարկը թերևս տրված է, և եթե քաղաքական մյուս ուժերը կամենում են Հայաստանը հանել խորհրդառուսական քաղաքակրթական համակարգի ճահճից, ապա թերևս պետք է առավել քան ակտիվ, որոշակի, ազնիվ և հստակ լինեն հասարակության հետ շփումներում եւ կարողանան փաստարկել հակառակ տեսակետըʽ կոտրելով հանրային կարծրատիպերը: Իսկ դա լավագույնս կարող է ստացվել այն դեպքում, երբ այդ գործընթացը դուրս բերվի իշխանության համար զուտ կուսակցա-քաղաքական պայքարի տրամաբանությունից և դիտարկվի Հայաստանում քաղաքացիական ինքնագիտակցության տրամաբանության մեջ:












































