Firstpost.com-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2011 թվականին աշխարհում կրոնական ազատությունների մասին զեկույցը: Զեկույցի իրանական մասում նշված է, որ 2011 թվականին Իրանում էլ ավելի է վատթարացել կրոնական ազատությունների շուրջ ստեղծված իրավիճակը՝ հասնելով տխրահռչակ վիճակի, ինչը շարունակվում է 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր:
Իրանի կառավարությունը 2011 թվականին շարունակել է կրոնական նկատառումներով ձերբակալությունները, ահաբեկումներն ու խտրականությունները: Զեկույցում նաև ուշադրության է հատկացված, որ քրիստոնյա քահանա Յուսեֆ Նադարխանին դեռ գտնվում է բանտում:
Իրանի կառավարությունը վտանգավոր մթնոլորտ է ստեղծել գործնականում բոլոր ոչ շիա խմբերի համար, ինչը մասնավորապես վերաբերում է Բահաի կրոնին, ինչպես նաև սուֆի մուսուլմաններին, քրիստոնյա-ավետարանականներին, հրեաներին, սուննիներին: Այս ամենի հետ մեկտեղ, հալածանքների ու հետապնդումների են ենթարկվում նաև այն շիաները, ովքեր չեն կիսում կառավարության հայացքները:









































