Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2011 թվականին աշխարհում կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցը:
Ադրբեջանին նվիրված զեկույցի մասում նշված է, որ այդ երկրի Սահմանադրությունը նախատեսում է կրոնական ազատություններ, սակայն այլ օրենքները և իշխանությունների վարած քաղաքականությունը գործնականում սահմանափակում են կրոնական ազատատությունները:
Զեկույցում նաև նշված է, որ Ադրբեջանում կրոնական խմբերի մեծամասնությունը գործում է առանց պետական միջամտության, սակայն իշխանությունները մի շարք դեպքերում մոնիթորինգ և ստուգումներ են անցկացնում պաշտամունքի վայրերում, առգրավում են կրոնական նյութերը, ինչպես նաև հետապնդում և ձերբակալում են մուսուլմանական ու քրիստոնյա համայնքների անդամներին:
Ադրբեջանի կառավարությունը մի շարք խմբերի համարում է «ոչ ավանդական»: Գոյություն ունեն նաև կրոնական խմբերի գրանցման սահմանափակումներ: Այս տարի օրենսդրական սահմանափակումները խստացվել են, գործնականում չեն բարելավվում կրոնական ազատությունների պահպանումն ու պաշտպանումը:
Նշվում է, որ Ադրբեջանի բնակչության մոտ 96 տոկոսը կազմում են մուսուլմանները, իսկ մնացյալը ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ և այլ քրիստոնեական խմբեր, հրեաներ են: Մուսուլմանների 65 տոկոսը շիաներ են, իսկ 35 տոկոսը՝ սուննիներ: Քրիստոնյաները հիմնականում կենտրոնացած են Բաքվում և մյուս քաղաքներում: Մոտ 20,000 հրեա բնակվում է Բաքվում և երկրի ոչ մեծ բնակավայրերում:








































