Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արաբագետ Սուրեն Մանուկյանը խոսելով «Սիրիական հարցը և սիրիահայության կացությունը» թեմայի շրջանակներում` ասաց, որ վճռորոշը Հալեպի համար մղվող պայքարն է:
Նրա կարծիքով` Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձություններից ամենակարևորը Հալեպի համար ճակատամարտն է, քանի որ այդ ճակատամարտի ելքը կհանգուցալուծի Սիրիայում իրավիճակը:
«Հալեպն ընդդիմադիրների կողմից գրավվել էր, երկու օր առաջ կառավարական զորքերը փակեցին դեպի Հալեպ տանող մուտքերն ու ելքերը, մի քանի տեղերում շարունակվում է բավականին արյունալի պայքարը: Հալեպում ծավալվող իրադարձությունները կարևոր են նաև նրանով, որ մինչև վերջերս Հալեպը զերծ էր ռազմական գործողություններից: Այդ քաղաքը մեկուկես տարի անվտանգ էր հայերի և սիրիացիների համար:
Հալեպը Սիրիայի խոշորագույն տնտեսական, առևտրաարդյունաբերական կենտրոնն է: Պետության նորմալ կենսագործունեության հետ կապված բոլոր հանգույցները հատվում են Հալեպում: Վերջին մեկ ամսվա ընթացքում ընդդիմությունը մարտավարական փոփոխություն կատարեց իր գործողություններում. սկզբնական շրջանում նրանց գործելակերպը պարտիզանական էր, իսկ հիմա Սիրիայի հարցը ուզում են վերջակետին հասցնել հնարավորինս շուտ` Դամասկոսում կռվելուց հետո հարված հասցրին Հալեպում: Մոտ տասը հազար ընդդիմադիր գրոհայիններ են կենտրոնացած Հալեպում, ինչը բավականին մեծ թիվ է, այդ պատճառով սիրիական զորքերը մեծ դժվարություններ են ունենալու»,- մեկնաբանեց բանախոսը՝ կարծիք հայտնելով, որ, այնուամենայնիվ, քայլ առ քայլ «կմաքրվի» Հալեպը:
Նա կարևորեց նաև այն, թե ինչ արդյունքներով կլինի Հալեպի «մաքրումը». եթե հնարավոր լինի շատ գրոհայիններ վնասազերծել, սիրիական իշխանության համար շատ հեշտ կլինի, քանի որ նաև այսօր մեկ հարվածով կարելի է լուծել ընդդիմադիրների հարցը:
Արաբագետ Սուրեն Մանուկյանը կարևորեց նաև Սիրիայի կոմպրոմիսային ղեկավարի մասին քննարկվող թեման, ըստ որի` որպես այդպիսին հանդես է գալիս պաշտպանության նախկին նախարարի որդին՝ Մանաֆ Տլասը: Ըստ բանախոսի՝ այս թեկնածությանը համաձայն է նաև Թուրքիան. այս հարցի շուրջ առկա է կոնսենսուս:
Սուրեն Մանուկյանի դիտարկմամբ՝ հարց է նաև, թե նոր կառավարությունը, որքան էլ փոխհամաձայնեցված, կկարողանա՞ արդյոք պահանջված երաշխիքներ տալ:
«Քրդական հարցը ևս կարևոր է. ցանկացած հակամարտության դեպքում այս հարցը գլուխ է բարձրացնում: Թուրքիայում, Իրաքում քրդերն ինչ-որ կերպ հաստատվել են, այսօր նաև Սիրիայում կա այս ձգտումը: Սիրիայի հյուսիսային շրջանները վերահսկվում են քրդերի կողմից, նրանք ստանում են լայն ինքնավարություն և իրենց աջակցությունն են հայտնում Բաշար Ալ-Ասադին: Սիրիան սկսել է քրդերին օգտագործել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»,- մեկնաբանեց արաբագետը:
Նա նաև նշեց, որ արտաքին ճնշումն էլ էական է Սիրիայի հարցում: «Սիրիան ներքին հակամարտություն չէ միայն. այս հարցը մեկ շաբաթում հնարավոր էր լուծել, եթե Սիրիայի ընդդիմադիրները զենքի, փողի, տեղեկատվական, ֆինանսական աջակցություն չստանային դրսից, սակայն նման ռեսուրսների հսկայական հոսք կա: Կարելի է ասել, որ այս հակամարտությունը ավելի շատ միջազգային բնույթի է, քան ներպետական»,- նկատեց Սուրեն Մանուկյանը:











































