Հայաստանն իր գինեգործությամբ չի կարող մրցակցել Վրաստանի հետ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն` անդրադառնալով այս տարի նախատեսվող խաղողի մթերման ծավալներին և գինեգործության զարգացմանը:
Ավագ Հարությունյանի կարծիքով` այս տարի շատ լավ տարի լինի: «Կարծում եմ` կմեթրվի ամբողջ խաղողը և դեռևս պակասություն կլինի, որովհետև այս տարի պահանջարկը շատ ավելի շատ է»,- նկատեց Գինեգործների միության նախագահը` կանխատեսելով, որ խաղողի մեկ կգ մթերման գինը նախորդ տարվանից բարձր կլինի 5-10 դրամով, իսկ գինեգործության համար նախատեսված խաղողների գինը` 20-30 դրամով:
Անդրադառնալով գինեգործության զարգացմանն` ասաց, որ Հայաստանն իր խաղողագործությամբ դեռևս չի կարող մրցակցել Վրաստանի հետ: « Վրաստանը պատմականորեն զբաղվել է գինեգործությամբ, և իր խաղողագործությունն ուղղված է եղել գինեգործությանը, իսկ Հայաստանը պատմականորեն զբաղվել է օղեգործությամբ և հետո կոնյակագործությամբ: Պատմականորեն, մեր խաղողագործությունը նախատեսված է օղու և կոնյակի համար: Խաղողը կոնյակագործությունից տեղափոխել գինեգործություն 20-30 տարվա պատմություն է, այդ պատճառով մենք 3 տարի է արդեն սկսել ենք և 10 հետո կուենանք խաղողագործություն գինեգործության համար»,- մեկնաբանեց Ավագ Հարությունյանը`շարունակելով, որ ՀՀ կառավարությունը ծրագրեր է մշակում կոնյակագործության և գինեգործության զարգացման համար: Մասնագետի խոսքով` խնդիրն այն է, որ փոխկապակցված չէ օղեգործությունը, կոնյակագործությունը, գինեգործությունը խաղողագործության զարգացման հետ: « Հիմա մենք պարզապես դեբատների մեջ ենք, կառավարությանն առաջարկներ ենք անում, որպեսզի խաղողագործությունը ևս միանա, բայց քանի որ դրա համար լուրջ գումարներ են անհրաժեշտ, չի ստացվում, որ այս ոլորտներում համահունչ զարգացում լինի»,- եզրափակեց իր խոսքը Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ խաղողի մթերման սեզոնն է համարվում սեպտեմբերը: Խաղողի մթերման գործընթացը պաշտոնապես կմեկնարկի սեպտեմբերի կեսերից:










































