Հնդկական The Times of India թերթի փոխանցմամբ՝ Նյու Դելիի ոստիկանությունը փետրվարի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաքում իսրայելցի դիվանագետի դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածում է իրանական կողմին և մասնավորապես Իսլամական հեղափոխության պահակազորի (SEPAH) անդամներին:
Թերթին հաջողվել է ստանալ ոստիկանության հետաքննության զեկույցը, որում ասվում է, որ SEPAH-ի ներկայացուցիչները 2011 թվականի հունվարին հնդիկ լրագրող Սայեդ Մոհամմադ Ահմադ Կազմիի հետ քննարկել են Հնդկաստանում և այլ երկրներում իսրայելցի դիվանագետների դեմ հարձակումների պլանը:
Այս քննարկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրանական կողմի պնդմամբ՝ իսրայելի հատուկ ծառայությունները մահափորձեր իրականացրին իրանցի ատոմագետների նկատմամբ: Հնդիկ ոստիկաններին հաջողվել է պարզել, որ Կազմին գրեթե 10 տարի շարունակ շփումների մեջ է եղել SEPAH-ի ներկայացուցիչների հետ:
Կասկածյալների մասին մանրամասն տեղեկատվությունը ներկայացվել է իրանական կողմին, և այժմ Նյու Դելիի ոստիկանությունը ձգտում է ստանալ առավել մանրակրկիտ տեղեկատվություն SEPAH-ի 5 անդամների մասին: