Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս հարկային դաշտից դուրս գործող հանրային սննդի և զվարճանքի օբյեկտ, ատամնաբուժարան ու չդրոշմավորված օղու վաճառքի դեպքեր են բացահայտել: ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են` պարզվել է, որ հանրային սննդի և զվարճանքի ապօրինի կետը գործել է Բաղրամյան 1/1 հասցեում, որի գործունեությունը կազմակերպել էր Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Սամվել Խուդոյանը:
Իսկ մյուս դեպքերն էլ հայտնաբերվել են Մխչյան գյուղում: Պարզվել է, որ գյուղի բնակիչ Ավետ Պողոսյանն, առանց համապատասխան լիցենզիայի և պետական գրանցման, ատամնաբուժական ծառայություն է մատուցում բնակիչներին, իսկ «Ջոնաշ.Մ» մթերային խանութում վաճառվում են չդրոշմավորված օղիներ:
Օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի աշխատակիցներն էլ օրերս Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում ապօրինի գիշերային ակումբ են հայտնաբերել: Պարզվել է, որ անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացրել է Երևանի բնակիչ Էրվին Մելիքյանը: Մեկ այլ դեպքով էլ Աբովյան քաղաքում հայտնաբերվել է շշերի ընդունման կետի ապօրինի գործունեություն:
ՕՀՎ 17-րդ բաժնի կողմից վերջերս բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 10 դեպք, որի արդյունքում կազմվել են համապատասխան վարչական ակտեր և լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 3 միլիոն դրամի հարկային պարտավորություն: Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկային դաշտից դուրս գործող ձեռնարկատիրության բացահայտմանն ուղղված միջոցառումները:







































