Սիրիական զորքերը վարձկան ահաբեկիչներին դուրս են մղել Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի Սալահեդին շրջանից: «Սալահեդինը հետ է գրավվել զինված վարձկաններից: Այն լիարժեք վերահսկողության տակ է»,- այսօր հայտարարել է սիրիական բանակի ներկայացուցիչը «Սուրիա» հեռուստաալիքով:
«Մի քանի օրից Հալեպում կվերականգնվեն հանգստությունն ու անվտանգությունը»,- խոստացել է նա:
ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ` կիրակի օրը սիրիական ուժերը հարված են հասցրել ապստամբների մարտական դիրքերին և թաքստոցներին` խուսափելով զոհերից և ավերածություններից: Գրոհի են ենթարկվել Սալահեդինում մի քանի հիմնակետեր, ձերբակալվել են Սիրիայի Ազատ բանակի 4 դաշտային հրամանատարներ:
Հալեպի հարավային և հարավարևելյան խիտ բնակեցված հատվածներում, որտեղ ավելի քան 300 հազար մարդ է բնակվում, բնակիչները լքել են իրենց տները և տեղափոխվել առավել անվտանգ վայրեր:
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը կանխատեսել էր տնտեսական մայրաքաղաքում մարտերի նման ելք: Նրա խոսքով` սիրիացի ժողովուրդը իր բանակի կողմից է, այդ իսկ պատճառով կասկած անգամ չէր կարող լինել, որ զինված առերեսումը նման ելք կունենար:









































