Սիրիական Հալեպ քաղաքի համար պայքարը հերթական անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է միավորել աշխարհի խոշորագույն պետությունների ուժերը` Սիրիայում իրավիճակը անհապաղ լուծելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը:
«Հալեպում տիրող իրավիճակը ևս մեկ ապացուցում է, որ միջազգային հանրությունը պետք է միավորվի` հակամարտող կողմերին համոզելու համար, որ միայն իշխանության քաղաքական փոխանցումը կարող է լուծել այս ճգնաժամը»,- ասել է Քոֆի Անանը:
Սիրիական խոշորագույն Հալեպ քաղաքի համար պայքարը սկսվել է այս օրերին և թե՛ ընդդիմության, թե՛ Բաշար Ասադի ռեժիմի կողմից դիտարկվում է որպես վճռորոշ մարտ, որը կորոշի երկրի ճակատագիրը: Հալեպի «մաքրումը» ապստամբներից կհանգեցնի նրան, որ բոլոր խոշոր քաղաքները կմնան կառավարության վերահսկողության ներքո:
Ընդդիմությունը մտադիր է Հալեպում տարած հաղթանակի դեպքում գրավել նաև Իդլիբ քաղաքը: Դա թույլ կտա նրանց Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանում ստեղծել անվտանգության գոտի, որը որպես հենարան է օգտագործվելու Բաշար Ասադի ռեժիմի դեմ հետագա պայքարի համար:
Ավելի վաղ Քոֆի Անանը հիասթափություն էր հայտնել ՄԱԿ-ի ԱԽ-ում միասնականության բացակայության պատճառով, որը չի կարողանում որոշում կայացնել այդ երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ:









































