Կնոջ էությանը բնորոշ է սադոմազոխիզմի ձգտումը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը` անդրադառնալով հեռուստասերիալների դեմ բարձրացված աղմուկին, ըստ որի` դրանք բռնություն են տարածում:
Ըստ հոգեբանի` սերիալներն այդքան մեծ ազդեցություն չեն թողնում, շատ քիչ է դրանց ազդեցությունը: Խուդոյանի խոսքով` սերիալներն ավելի շատ արտացոլում են այն, ինչ կա կյանքում, ոչ թե հակառակը: «Հոգեկան հիվանդ մարդիկ ինչ տեսնում են, այն էլ իրականացնում են: Այլ հարց է, որ դրանք հնդկական սցենարով ռոմանտիկ սերիալներ են»,- նկատեց Սամվել Խուդոյանը:
Հարցին` ընտանեկան բռնությունը Հայաստանում տարածվա՞ծ է այնքան, ինչքան այդ մասին խոսվում է, հոգեբանը պատասխանեց` ոչ: Նրա համոզմամբ` ընտանեկան բռնության ցուցանիշով Հայաստանն այլ երկրներից չի տարբերվում, և ցուցանիշներն այնքան էլ մտահոգիչ չեն:
«Հասարակական կազմակերպություններն այդ հարցերը բարձրացնում են, որովհետև աշխատավարձ են ստանում»,- նշեց Ս. Խուդոյանը` հավելելով, որ բոլոր երկրներում էլ տղամարդիկ ճնշում են կանանց, ուստի երբեք չես կարող մեղադրել առյուծին, որ գայլին ճնշում է:
Անդրադառնալով ընտանեկան բռնությանն ու կանանց հոգեբանությանը` նա ասաց, որ դեռևս Ֆրեյդի ժամանակներից և հոգեվերլուծությունից է հայտնի, որ ընդհանրապես կանանց շրջանում մազոխիստական դրսևորումներն ավելի վառ են լինում:
«Կանայք ունեն մազոխիստական, սադոմազոխիստական հակումներ. դա ընդհանրապես կնոջ էությանը բնորոշ երևույթ է»,- նման տեսակետ հայտնեց Սամվել Խուդոյանը:












































