Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը պատանդ էր վերցրել Վրաստանի 21 քաղաքացիների: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայում Վրաստանի հյուպատոս Զազա Պատարիձեն:
Վերջինիս խոսքերով՝ Զեստաֆոնի շրջանի 21 բնակիչներին պահել էին Իչկերիկ քաղաքի շենքերից մեկի նկուղում: Նրանց բոլորին խաբեությամբ բերել են Թուրքիա՝ խոստանալով աշխատանք տրամադրել: Սակայն դրա փոխարեն նրանցից պահանջել են 2000-ական դոլար և մինչև փրկագին ստանալը թողել են փակի տակ՝ զինված մարդկանց հովանու ներքո:
Հյուպատոսը հայտնել է, որ թրաֆիքինգի զոհերին հաջողվել է ինչ-որ կերպ բջջային հեռախոսով կապ հաստատել իրենց հարազատների հետ և օգնություն խնդրել վրացական իշխանություններից: Թուրքիայի հատուկ ծառայությունները, ստանալով այդ տեղեկատվությունը, անցկացրել են հատուկ գործողություն՝ պատանդներին ազատելու համար: Հանցագործները ձերբակալվել են:
Ցայժմ բաց է մնում միջնորդի՝ Վրաստանի քաղաքացի Լաշա Նավարելիի ճակատագիրը, ով խաբեությամբ իր հայրենակիցներին բերել է Թուրքիա՝ նրանց խոստանալով ամսական 1200 դոլար աշխատավարձ: Ներկայումս բոլոր ազատ արձակվածները գտնվում են Թուրքիայում Վրաստանի հյուպատոսարանում և շուտով կուղարկվեն հայրենիք:









































