«ԱԺ ընտրությունների ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համագյուղացի Սենիկ Ջուլհակյանը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ մեկ քաղաքացիական և մեկ քրեական հայց էր ներկայացրել: Քաղաքացիական «գործով» Ջուլհակյանը Հմայակ Հովհաննիսյանից իրեն վիրավորեյու ու խարդախություններով զբաղվելու մեջ մեղադրելու համար պահանջում է երկու միլիոն դրամ՝ գումարած մեկական միլիոն՝ փաստաբանական ծաոայության համար»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Քրեական հայցով էլ Ջուլհակյանը պնդում է, որ Հովհաննիսյանը միջին ծանրության վնասվածք է պատկառել, ինչը Հովհաննիսյանը կատեգորիկ ժխտում է. «Ապրիլի 11-ի առավոտյան քայլում էի դեպի գրասենյակ, գրասենյակի դիմաց տեսա մարդկանց խումբ՝ Սենիկ Ջուլհակյանի հետ միասին, ասացի՝ շառից-փորձանքից հեռու, մտա մուտք, որ հետևի մասից մտնեմ գրասենյակ, ինքը վազելով եկավ՝ կամերայով, դիկտոֆոնով ու ասաց՝ ինչո՞ւ եք փախչում, ժողովուրդը ձեզ է սպասում: Գնացի, մի խումբ կանայք էին հավաքվել ու աղմկում էին, խոչընդոտում իմ մուտքը գրասենյակ: Կանանց ասացի, որ դուք կատարում եք ապօրինություն, դրանով խոչընդոտում եք ազատ քարոզարշավ վարելու իմ՝ պատգամավորի թեկնածուի իրավունքը, և դա հանցագործություն է, և դուք նմանվում եք Լֆիկ Սամոյի այն հայտնի կանանց, որոնք խոչընդոտում էին մեկ այլ պատգամավորի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը: Այս կանայք՝ թվով 6-ը, դիմել են քաղաքացիական հայցով դատարան, ու առաջին նիստը նշանակվեւ է սեպտեմբերի 3-ին: Պահանջում են 3 միլիոն դրամ փոխհատուցում՝ վիրավորանքի համար: Բայց դա որակում է, չեմ գտնում, որ վիրավորանք է: Սենիկ Ջուլհակյանն էլ այդ օրը կանգնել էր իմ և դռան միջև ու թույլ չէր տալիս, որ ներս մտնեմ, խոչընդոտում ու դիմադրում էր: ես էլ ուժ գործադրեցի, Սենիկը ստիպված եղավ նահանջել, մտա գրասենյակ… Սենիկը դա ներկայացրեց իբրև բռնություն իր դեմ ու քրեական հայց է ներկայացրել՝ իբր թե ես նրան հարվածել եմ, ինքը վայր է ընկել ու ստացել միջին ծանրության մարմնական վնասվածքներ»:
Հիշեցնենք, որ Ջուլհակյանի ու Հովհաննիսյանի միջև խնդիրը ծագել է, երբ Ջուլհակյանը պահանջել է Հովհաննիսյանից ազատել «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերության շենքի ներքևի հարկում տեղակայված՝ Հմայակին պատկանող Քաղաքագետների միության գրասենյակը՝ պնդելով, որ այն ընկերությանն է պատկանում: Պարոն Ջուլհակյանի ներկայացրած քաղաքացիական հայցով նախնական նիստը օրեր աոաջ է տեղի ունեցել: Պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ ինքը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հաշվի առնել, որ իր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, իսկ նման դեպքերում քաղաքացիական հայցերով դատավարությունը կասեցվում է: Գործով հաջորդ դատավարությունը այս ամսվա 31-ին է նշանակված:
Պարոն Հովհաննիսյանը համոզված է՝ Սյունիքի մարզպետի հովանավորյալ Ջուլհակյանը քաղաքագետների միությունը սնանկացնելու ցանկություն ունի. «Սա կազմակերպված քաղաքական հալածանք է, որի նպատակն է սնանկացնել քաղաքագետների միությունը: Ինքը՝ Սենիկ Ջուլհակյանը, հայտարարում է, որ Սուրիկ Խաչատրյանն իր ընկերն է, այսինքն՝ փորձ արվեց ինձ զրպարտելով ներկայացնել որպես խուլիգանի ու մարդ ծեծողի… ես փաստերով եմ խոսում»»,- հավելում է թերթը:








































