Քենիայում Վենեսուելայի դիվանագիտական առաքելության ղեկավար Օլգա Ֆոնեսկային խեղդամահ են արել երկրի մայրաքաղաք Նայրոբիի իր անձնական նստավայրում: Այս մասին առաջինը հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
«Մենք հաղորդագրություն ենք ստացել, որ տիկին դեսպանն իր տանը անկողնում մահացած է հայտնաբերվել. նրան խեղդել են»,- լրագողներին պատմել է Նայրոբիի ոստիկանության պետ Էնթոնի Կիբուչին: Այնուհետև հայտնի է դարձել, որ նրա ոտքերը և պարանոցը լարով կապված են եղել:
57-ամյա դիվանագետ Ֆոնեսկան Քենիա էր ժամանել բոլորովին վերջերս`հուլիսի 15-ին:
Վենեսուելայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Կարակասում հայտարարել է, որ ներկա պահին այդ գործի առնչությամբ որևէ տեղեկություն չունի:
Նրա մահը հաջորդել է անմիջապես այն հանգամանքին, երբ վենեսուելական դեսպանատան աշխատող քենիական անձնակազմին Ֆոնեսկան ազատել է աշխատանքից, գրում է Daily Nation թերթը:
Թերթի տվյալներով՝ մի շարք աշխատակիցների, աշխատանքից իբր ազատել են, քանի որ նրանք չեն հրաժարվել իրենց սեռական ոտնձգության մեղադրանքներից, որոնք առաջ էին քաշվել Ֆոնսեկի նախորդ`դեսպան Հերարդո Կարրիլո Սիլվայի դեմ:












































