Google ընկերությունը ամերիկյան Կանզաս սիթիում գործարկել է ինտերնետի փորձնական գերարագ ցանց: Այս մասին հաղորդում է Engadget-ը: Նոր ցանցի թողարկման տեսական հնարավորությունը կազմում է վայրկյանում 1գբ:
Փորձարկումների ընթացքում, որն իրականացրել են Google-ի ինժեներները, նոր ցանցում ներբեռնման արագությունը հասնել է 973մբ/վ-ի: Դեռևս ցանցն աշխատում է միայն քաղաքի մի քանի շրջաններում, սակայն ընկերությունը ծրագրում է ցանցին միացնել նոր տարածքներ: Ցանցին միանալու հայցերը Կանզաս սիթիի բնակիչները թողնում են Google Fiber նախագծի կայքում:
Ցանցին բնակիչների միացման համար նախատեսված են երկու սակագնային պլաններ՝ ամսական 120 և 70 դոլար արժողությամբ: Ի դեպ, ամսական 120 դոլար բաժանորդավճարի դեպքում համաձայնագրերը կնքվում են երկու տարի ժամկետով: Առաջին սակագնի բաժանորդները կստանան Google Fiber TV վիդեոծառայության, Nexus 7 պլանշետի, TV Box հեռուստասարքի, Network Box ցանցային սարքի մուտքի իրավունք և Google Drive «ամպային պահեստում» 3 տերաբայթ տարածք:
Երկրորդ սակագնի բաժանորդները պայմանագիր կկնքեն մեկ տարով: Նրանք կստանան դեպի Network Box մուտքի իրավունք և Google Drive-ում 1 տերաբայթ տարածք:
Համալսարանները, գրադարաններն ու հիվանդանոցները Google-ի ցանցին կմիանան անվճար: Գերարագ ցանցի հետ միասին Google-ը թողարկել է Google Fiber TV ծառայությունը: Բաժանորդներին հասանելի կլինեն 1080 պիքսել խտությամբ 500 ժամ ընդհանուր տևողությամբ տեսանյութեր: Fiber TV-ի նյութերի մի մասը ներկայացնում է Netflix ընկերությունը:
Google Fiber նախագիծը ընկերությունը ներկայացրել էր դեռևս 2010-ին: Փորձին մասնակցել ցանկացող քաղաքները հայցեր էին ներկայացրել: 1100 թեկնածուներից ընտրվել էր Կանզաս-սիթի ագլոմերացիան: 2011-ի մարտից ընկերությունը օպտիկամանրաթելային մալուխի անցկացման աշխատանքներ է իրականացրել:
2011 թվականի չորրորդ եռամսյակի տվյալներով՝ ԱՄՆ-ում ինտերնետի միջին արագությունը կազմել է 5,8մբ/վ:






































