Գյումրիում նպաստների բաշխման գործընթացն ուշանում է: Փոստային բաժանմունքներից նպաստառուներին պատասխանել են, թե ինչ-ինչ պատճառներով գումարային փոխանցումներն իրականացված չեն, և որ տեղյակ չեն, թե նպաստային համակարգում ինչ խնդիրներ են առաջացել, ուստի պետք է սպասել ևս մի քանի օր:
Արդեն մի քանի տարի էʽ սոցիալապես անապահով ընտանիքներին հասանելիք ընտանեկան նպաստը հատկացվում է յուրաքանչյուր ամսվա 20-22-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նպաստների 4-օրյա ուշացումը մտահոգում է շատերին: «Կմտնիք սոցծառայություն կվճարեք, ի՞նչ էնենք, հո մեր ջեբից պիտի չտանք, սպասեք կուդանք, չփախանք էլի»,-«Առաջին լրատվական» թղթակցի հետ զրույցում դժգոհեցին գյումրեցի նպաստառուները:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Գյումրի թիվ 1 սոցիալական ծառայության նպաստների բաժնի պետ Ռաֆիկ Քոթանջյանից: Վերջինս հայտնեց, որ նպաստային համակարգում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Եթե նախկինում քաղաքացիներին տրամադրվող սոցիալական քարտերի բաշխումը սոցիալական ծառայություններն էին իրականացնում, ապա այժմ այդ գործառույթը տրվել է ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությանը, ներկայումս տեղի է ունենում տվյալների համադրում: «Հուսով ենք, որ խնդիրը կարճ ժամկետում կհարթվի, և գումարները կբաժանվեն»,-նշեց Ռաֆիկ Քոթանջյանը:
Փայլակ Ֆահրադյանʽ «Առաջին լրատվական»-ի Շիրակի մարզի թղթակից










































