Ռուսական պետական Russia Today հեռուստաընկերությունը բյուջեից 38,6 միլիոն դոլար կստանա ֆրանսերեն լեզվով հեռարձակվող ալիք բացելու համար, ասվում է Ռուսաստանի կառավարության օրինագծի մեջ, գրում է BBC-ն:
Ինչպես նշվում է որոշմանը կից բացատրականի մեջ, նոր ալիքը ստեղծվում է այնպիսի երկրների լսարանի վրա ազդեցություն ունենալու համար, ինչպիսիք են Ֆրանսիան, Բելգիան, Շվեյցարիան և Կանադան:
Փաստաթղթում նշվում է, որ այժմ «այդ երկրներում համաշխարհային իրադարձությունները լուսաբանվում են Ռուսաստանին ոչ շահավետ լույսի տակ, որը Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորում», և նոր ալիքը կոչված է փոխելու այս իրավիճակը:
RT ալիքը թողարկվել է 2005թվականին: Այն թողարկվում է անգլերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով: