«Ընդդիմությունը նրա համար է, որ մշտապես փորձի իր շուրջը համախմբել այլ քաղաքական ուժեր, հասարակություն և որոշակի օրակարգ առաջարկի։ Եվ սա ցանկացած քաղաքական ուժի ոչ միայն իրավունքն է, այլ նաև պարտավորությունն է։ Խնդիրն այն է, որ այդ համախմբումը լինում է արդյունավետ միայն հստակ և ճիշտ օրակարգի պարագայում։ Եթե օրակարգը ճիշտ չի ընտրված, այն չի կարող մեծ համախմբում իր շուրջը կատարել։ Եվ այսօրվա պրոցեսների պարագայում, անկեղծ ասած, ես այդ ճիշտ օրակարգը չեմ տեսնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Ստեփան Մարգարյանը։
Նրա խոսքով՝ իշխանության և Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու օրակարգը մի քիչ ուշացած օրակարգ է, քանի որ իշխանություն փոխելու լավագույն ժամանակը ընտրություններ են․«Ընտրությունների ժամանակ չի եղել այդ համախմբումը, մինչդեռ ճիշտ էր համախմբումն այն ժամանակ։ Ընտրությունների արդյունքում այսօրվա խորհրդարանական մեծամասնությունը իրավունք է ստացել ձևավորելու կառավորություն կառավարման նոր համակարգում, և դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Եվ հիմա արհեստական է հնչում ասել՝ դուք մի առաջադրեք այս մեկին, առաջադրեք մյուսին»,-ասաց Ստեփան Մարգարյանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։