Երեկ Բաքվում տեղի է ունեցել անսպասելի և չհայտարարված սենսացիոն իրադարձություն՝ գիշերային գեյ-շքերթ։ Այդ իրադարձությունը գրավել է հանրության ուշադրությունը՝ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների վերջին ձերբակալությունների լույսի ներքո։ Այդ ձերբակալություններն առաջ էին բերել ԼԳԲՏ միջազգային շարժման բողոքը։
Երեկվանից սոցցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես են Բաքվի կենտրոնով անցնում սեռական փոքրամասնությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ։ Ակցիայի մասնակիցների մեծ մասը եղել են օտարերկրացիներ։
Ավելի վաղ ոստիկանությունը Բաքվում ձերբակալել էր սեռական փոքրամասնությունների ավելի քան 80 ներկայացուցչի։ ՆԳՆ-ում հայտարարել են, որ նրանք բոլորը ձերբակալվել են մարմնավաճառությամբ զբաղվելու և այլ իրավախախտումների համար։ Բժշկական հետազոտությամբ բազմաթիվ գեյերի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ և այլ վեներական հիվանդություններ։