«Նախաքննություն բառն այս գործի մասով առհասարակ կապ չունի։ Նախաքննությունը կատարվել է խայտառակ խախտումներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Ելք» դաշինքի անդամների հետ գրանցված միջադեպի մասնակից Արթուր Այվազյանը, որն ավելի հայտնի է Մանախ մականունով։
Հիշեցնենք, որ այս գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, գործը դատարանում է, և հոկտեմբերի 11-ին կայանալու է առաջին նիստը։
Հիշեցնենք նաև, որ միջադեպը ծագել էր նրանից, որ «Ելք» ը դաշինքի անդամների ձեռքից ՀՀ դրոշը ընկել էր գետնին, Արթուր Այվազյանը բարձրացրել էր, վերադարձրել դրոշը, որից հետո վիճաբանություն էր սկսվել։
Արթուր Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե իրապես նախաքննություն ընթանար, նա այդ գործով չէր կալանավորվի ոչ մի վայրկյան, կպարզվեր, որ նա ոչ մի առնչություն չունի զենքի հետ, որը վերագրվում է իրեն։ «Գործը գնացել է դատարան, առանց բացահայտման»,- ասաց Այվազյանը։
Նա նշեց, որ այս գործը քաղաքական է, քաղաքականացված, իսկ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը վայելում են իշխանության հովանավորությունը այս գործի շրջանակներում։ «Այս դատավարության ընթացքում բոլորը կհասկանան Սերժ Սարգսյանի կողմից տարիներ առաջ արված հայտարարության ճշմարտացիությունը, որ Սերժ Սարգսյանը և իր թիմակիցներն անձամբ ճանաչում են իրենց հաճախորդներին, անգամ դեմքով»,- նշեց Այվազյանը։
Արթուր Այվազյանը նշեց, որ եթե այդ միջադեպը տեղի ունենար ոչ թե Նիկոլ Փաշինյանի թիմի, այլ ասենք՝ Ժիրայր Սեֆիլյանի ու «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ, ապա այդ գործով այնպիսի նախաքննություն կընթանար, այնպիսի հանգամանալից քննություն կկատարվեր, որ բոլորն ապշած կմնային։ Իսկ ինքը մինիմումը հերոսի կարգավիճակում կհայտնվեր։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: