Ադրբեջանական պետական նավթային ընկերությունը (SOCAR)՝ 51․9 մլրդ մանաթի ընդհանուր եկամտի դեպքում 2016-ի արդյունքներով 35․3 մլրդ մանաթի (ավելի քան 20 մլրդ դոլար) պարտք ունի, հայտնում է contact.az-ը։
Տնտեսագետ Զոհրաբ Իսմայիլի կարծիքով՝ այդ պարտավորությունների ծավալը չափից մեծ է SOCAR-ի համար։ Նշում են, որ հաշվետվությունը հրապարակվել էր բավականին ուշ, ընդ որում միայն անգլերեն։ Տնտեսագետն ասում է, որ ընկերությունը դա պետք է աներ մի քանի ամիս առաջ։
«Եթե դիտարկենք ընդհանուր պարտավորությունների կազմը՝ ապա ընթացիկ պարտավորությունները կազմում են 18․4 մլրդ մանաթ, իսկ երկարաժամկետները՝ 16․9 մլրդ մանաթ (1 ԱՄՆ դոլար = 1․69 ադրբեջանական մանաթ)։ Ընթացիկ պարտավորությունների կազմում կարճաժամկետ ու երկարաժամկետ ընթացիկ վճարների մասը կազմում է 6․7 մլրդ մանաթ։ Երկարաժամկետ պարտքերը կազմում են 8․2 մլրդ մանաթ։ Միաժամանակ կան նաեւ անհապաղ հարկային պարտքեր՝ 1․3 մլրդ մանաթի չափով»,- նշեց նա։ 2017-ին SOCAR-ը պետք է վերադարձնի 6․7 մլրդ մանաթ, իսկ երկարաժամկետ պարտքերը՝ 8․2 մլրդ մանաթի չափով, պետք է վերադարձվեն 2019-2030 թթ։