Ռուսական կողմը որևէ խնդիր չունի Աբխազիայի տարածքով Հայաստան և Վրաստան բեռների տարանցումը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսում, հաղորդում է Sputnik-ի աբխազական ծառայությունը:
«Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները շահագրգռված են տարանցումը վերականգնելու հարցում։ Այսօր Աբխազիայի նախագահն էլ ասաց, որ դեմ չէ։ Այդ պատճառով դա արդեն ոչ թե մեզնից է կախված, այլ` մյուս երկրներից, որտեղով իրականացվում է տարանցումը», – ավելացրել է նա։
Նախագահ Ռաուլ Խաջիմբայի խոսքով՝ երթուղու բացումը դրական կանդրադառնա նաև երկրի տնտեսության վրա։ «Դա թույլ կտա լրացուցիչ միջոցներ ունենալ, չեմ կասկածում, որ գործընթացը կարող է լուծում ստանալ»,- ընդգծել է Խաջիմբան։