Թաիլանդի իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարել են երկրի վարչապետ, գեներալ Պրայուտ Չան-Օչայի սպանության նպատակով դավադրության բացահայման մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ «Միավորված ճակատ հանուն ժողովրդավարության՝ ընդդեմ բռնապետության» շարժման առաջնորդների մեկի տանը զենքի թաքստոց է հայտնաբերվել։ Գործով ձերբակալվել է 9 մարդ։
Նշվում է, որ թաքստոցում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հրացաններ ու նռնակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ փամփուշտ։ Զինված հեղաշրջումից հետո տան տերը փախուստի մեջ է գտնվում։
2014 թվականի մայիսին Թաիլանդում զինված հեղաշրջում է տեղի ունեցել գեներալ Պրայուտ Չան-Օչայի ղեկավարությամբ՝տևական քաղաքական ճգնաժամի պատճառով ռազմական դրության սահմանումից հետո։