Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ
Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն իր էությամբ անկյունաքարային հարց է մեր պետության և ժողովրդի համար: Եվ այս կապակցությամբ սկզբունքային դիրքորոշումս ուզում եմ ներկայացնել հստակ և առանց երկիմաստությունների:
- Հայաստանը պարտավոր է գտնել արժանապատիվ խաղաղության բանաձև իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Այս նպատակի համար պետք է ծառայեցվեն մեր պետության և ողջ հայ ժողովրդի ռեսուրսներն ու ջանքերը։ 10–միլիոնանոց հայությունը ունակ է ապահովելու Հայաստանի և Արցախի զարգացումն ու անվտանգությունը։ Այս գաղափարի գիտակցումը և դրանով պայմանավորված գործունեությունը էապես փոխում են մեր կշիռը թե՛ Հարավային Կովկասում, թե՛ միջազգային ասպարեզում: Այդ ուղղությամբ պետք է տարվի հսկայական աշխատանք, և, իհարկե, կան մարդիկ և շրջանակներ, ովքեր կարող են դա իրագործել։
- Խաղաղության գինն ամենալավը գիտենք զինվորական ու մարտական ճանապարհ անցածներս: Մենք ամենաշատն ենք ուզում խաղաղություն:
Երկրի զարգացման և արժանապատիվ խաղաղության հասնելու համար պետք է մշակել նոր բանաձև ՝ հաշվի առնելով մշտական արտաքին վտանգի գործոնը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, համաշխարհային ուժային կենտրոնների տարատեսակ շահերը և այդ շահերի բախումը, մեր տարածաշրջանի երկրների՝ անվտանգության տարբեր համակարգերին ինտեգրվելու մոտեցումները: Այսպիսով՝ պետք է զգոն լինել, քանզի մեր տարածաշրջանում անվտանգության հարցերը սուր են լինելու դեռ երկար ժամանակ:
- Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից (մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաև արձանագրել ենք ներգաղթ), այլև ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում։
Ոչ թե Արցախի հարցը ամեն գնով և արագ «լուծելով» մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, այլ պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք: Եվ քանի որ սա համահայկական հարց է, ուստի, պատկերավոր ասած, չի կարելի մի եղբոր հաշվին լուծել մյուս եղբոր խնդիրը: Մենք պարտավոր ենք տեր կանգնել դժվարությամբ և արյան գնով ձեռք բերված հաղթանակին ու անկախությանը։
- Մեր միակողմանի զիջումները կամ հապճեպ ու չհիմնավորված «փոխզիջումները» ոչ թե խաղաղություն կապահովեն, այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը, և այդ դեպքում մենք ռազմական առումով անբարենպաստ մեկնակետ կունենանք։
- ԵԱՀԿ Մինսկի խումբը, առանձին պետություններ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, միջազգային հանրությունը իրականացնում են կարևորագույն միջնորդական առաքելություն՝ փորձելով գտնել խաղաղ կարգավորման բանաձևը։ Ղարաբաղյան հարցի լուծման բանալին, ըստ իս, գտնվում է Երևանում և Ստեփանակերտում, որոնք Բաքվի հետ պետք է համաձայնության տարբերակ գտնեն: ԼՂՀ-ն՝ որպես հակամարտության լիարժեք կողմ, պետք է հասնի իր սուբյեկտայնության միջազգային ճանաչմանը:
- Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և արժանապատիվ խաղաղությունը ապահովվելու են ոչ միայն միջպետական համաձայնագրերով, այլ հակամարտող կողմերի միջև առկա ուժերի հաշվեկշռով։ Անվտանգության հարցերում ապավինելով սեփական ուժերին՝ պետք է զարգացնել հարաբերությունները դաշնակիցների և գործընկերների հետ, ինչը հնարավոր է միայն սեփական երկրի կշիռն ու վարկանիշը բարձրացնելով։
- Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացնելու և բանակցային գործընթացում ուժեղի դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է ստեղծել զարգացող և մրցունակ տնտեսական համակարգ։
Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից և ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության և արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձևավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն։ - Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը մեր զինվորներն ու սպաներն են՝ հայոց բանակը։ Բանակը չի կարող դիտարկվել որպես պետության ու մեր քաղաքացիների վրա դրված ծանր բեռ։ Պետության քաղաքական, տնտեսական վերնախավի կարևորագույն պարտականությունն է շարունակել նաև բանակահենք տնտեսության զարգացման ուղին՝ կառուցված բարձր տեխնոլոգիաների և ժամանակակից գիտելիքների վրա:
Հայկական զինված ուժերը 1994 թվականին պարտադրել են հրադադար և հետագայում պարբերաբար իրականացրել այդ գործառույթը, սակայն ուզում եմ հատուկ նշել, որ խաղաղության պարտադրումը շատ ավելի լայն հասկացություն է, և բանակն այդ գործընթացում այլ կարևորագույն գործոններից միայն մեկն է։ Տնտեսական, դիվանագիտական և այլ համակարգերի աշխատանքը ոչ պակաս կարևոր է ու կատարում է կանխարգելիչ և հակառակորդի ախորժակը զսպող դեր։
- Ես հավատում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով։ Մենք կարող ենք Ադրբեջանի հետ ունենալ փոխհամաձայնություն և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Մինչև հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտ չձևավորվի, դժվար է բանակցային գործընթացում առարկայական առաջընթաց արձանագրելը:
Փոխհամաձայնության շրջանակներում իսկապես կարող են լինել փոխադարձ զիջումներ՝ հիմնված բացառապես ռազմական և այլ ոլորտի փորձագիտական գնահատականների վրա։ Այս պահին, սակայն, շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են և անընդունելի, հատկապես որ պաշտոնական Բաքուն իր կողմից որևէ փոխզիջման մասին չի խոսում և ունի ագրեսիվ կեցվածք, ինչը վտանգ է ներկայացնում մեզ համար: Չնկատել այդ վտանգը նշանակում է տրվել ինքնախաբեության:
Արցախի ներկա սահմանները ձևավորվել են ադրբեջանական երկու ագրեսիաների դիմակայելու արդյունքում՝ արցախահայության անվտանգության երաշխավորման համար անհրաժեշտ պաշտպանության խորություն ապահովելու նկատառումներից ելնելով: Հարկավոր է հաշվի առնել նաև այն, որ ադրբեջանական ապրիլյան ագրեսիան, ըստ էության, լեգիտիմացրեց Արցախի ներկա սահմանները:
Հարկավոր է հաշվի առնել այն, որ հակամարտության կողմերը տարբեր եղանակով են տեսնում լուծումը: Փոխհամաձայնությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվի ագրեսիվ-ծավալապաշտական նկրտումներից՝ ընդունելով արցախահայության ինքնորոշման արդյունքը՝ Արցախ պետության գոյությունը: Սա՛ է մեր երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության բանաձևը:
- Ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման հիմնական գրավականն է: Հայաստանակենտրոն բոլոր ուժերն իրենց ջանքերը պետք է ներդնեն ներքին կյանքում դրական փոփոխությունների հասնելու և այդ որակի քաղաքացիներից բաղկացած հասարակություն ձևավորելու համար:
Սեյրան Օհանյան