Երևանի օդանավակայանում ԱՄՆ հայցով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը: Այս մասին հայտնում է Life-ը` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Հաղորդվում է, որ Միրոնովը IT ոլորտի մասնագետ է: Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ իշխանությունները նրա նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում զենքի առևտրի կասկածանքով:
Հրապարակման մեջ նաև հաղորդվում է, որ Միրոնովի կինը Ռուսաստանի դեսպանատանը հայտնել է նրան ձերբակալելու մասին: Դիվանագիտական առաքելությունն իր հերթին RIA Novosti-ին հայտնել է, որ ստուգում են այդ տեղեկատվությունը:
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը զբաղվում է այդ հարցով»,- հայտնել է դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը:
Ավելի ուշ Միրոնովի ձերբակալությունը հաստատել է նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը: Նրա խոսքով՝ ձերբակալության ժամանակ Միրոնովին հայտնել են, որ նա հետախուզվում է 50 հազար դոլարի լվացման և տեխնոլոգիաների փոխանցման գործով: Նա ավելացրել է, որ Միրոնովը Հայաստանում էր գտնվում հանգստանալու նպատակով: